Բժիշկներ
ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ
Կոչումով բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Աղաջանյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Մակիչ Մանվելի և Նատալյա Մանվելի Աղաջանյաններից, որոնց երեխաները ևս ընտրել էին բժշկի մասնագիտությունը: Բժշկական տոհմիկ ազգանունն այնուհետև փոխանցվեց Մակիչ և ՆատալյաԱղաջանյանների եղբորորդուն՝ Գերասիմ Իվանի Աղաջանյանին, որը հետագայում պետք է դառնար նշանավոր գիտնական ու բժիշկ՝ «Աղաջանյան» ազգանունը հանրահռչակելով բժշկական մեծ աշխարհում՝ թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս:
«Պապիկս չորս զավակ է ունեցել, որոնցից երեքը բժիշկներ են: Հայրս` Գերասիմ Աղաջանյանը
, երկրորդ զավակն էր: Մեր ընտանիքում առաջին բժշկուհին հորաքույրս էր՝ Թամարա Աղաջանյանը: Նա թերապևտ էր, իսկ մյուս հորաքույրս` Գալինա Աղաջանյանը, բժիշկ-ատամնաբույժ էր: Ես հպարտ եմ հայրիկիս անցած ճանապարհով»,-բժշկական իրենց դինաստիայի պատմությունը ներկայացնում է Իվան Աղաջանյանը:
Գերասիմ Աղաջանյանը ծնվել է 1911թ. օգոստոսի 2-ին Ադրբեջանի Ելիզավետապոլ քաղաքում: 1933-ին Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է Բասարգեչարի/Վարդենիս/ և Երևանի 2-րդ կլինիկական հիվանդանոցներում: Մի քանի տարի անց նրան ուղարկել են Կիև, որտեղ Գերասիմ Աղաջանյանը ակադեմիկոս Վ.Խ. Վասիլենկոյի ղեկավարությամբ զբաղվում է սրտաբանությամբ:
1938-ին նա տեղափոխվել է Արզնի առողջարան՝ ղեկավարելու սրտաբանության բաժանմունքը: Միևնույն ժամանակ նա հաջողությամբ ծավալել է իր գիտական գործունեությունը, որն ընդհատվում է պատերազմով: Մեծ հայրենականի սկզբից մինչև նրա հաղթական ավարտը, աշխատելով նախ որպես բաժանմունքի, իսկ հետո՝ դաշտային շարժական հոսպիտալի պետի պաշտոնում, Գերասիմ Աղաջանյանը անցել է մարտական ուղի՝ Կովկասից մինչև Չեխոսլովակիա: Խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո նա նշանակվել է Արզնի առողջարանի գլխավոր բժիշկ, այնուհետև՝ ՀՍՍՀ առողջապահության նախարարության առողջարանների վարչության պետ, իսկ 1949 թվականին՝ ՀՍՍՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
1950 թվականին Գ. Աղաջանյանը նշանակվել է Ջերմուկ առողջարանի տնօրեն: Նա 1954-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, անցել աշխատանքի Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում: 1960 թվականին Գ. Աղաջանյանը նշանակվում է կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, որը ղեկավարել է 19 տարի շարունակ:
1965-ին Գերասիմ Աղաջանյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Երկու տարի անց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Գ. Աղաջանյանի գրչին են պատկանում 100-ից ավելի գիտական աշխատություններ, այդ թվում՝ 4 մենագրություն, 10 բրոշյուր՝ նվիրված ներքին հիվանդությունների բուժման և կուրորտոլոգիայի հարցերին:
Գերասիմ Աղաջանյանի աշխատանքային և գիտական ուղին զուգակցված էր հասարակական գործունեությամբ: Երկար տարիներ նա առողջապահության նախարարության գլխավոր թերապևտն էր, կուրորտոլոգը, կուրորտոլոգների և ֆիզիոթերապևտների համամիութենական վարչության անդամ, «Կուրորտոլոգիայի, ֆիզիոթերապիայի և բուժական ֆիզկուլտուրայի հարցեր» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
Բարձր են գնահատվել Գ. Աղաջանյանի ծառայությունները, նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով և Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահության պատվոգրերով: Գերասիմ Աղաջանյանը կյանքից հեռացել է 1980-ին:
Աղաջանյանների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև Գերասիմ Աղաջանյանի քույրը՝ Թամարա Աղաջանյանը, որի երկու դուստրերը, ինչպես նաև երկու թոռնիկները ևս ընտրել են բժշկի մասնագիտական ուղին:
Աղաջանյանների բժշկական գերդաստանի երրորդ սերունդը ներկայացնում են Գերասիմ Աղաջանյանի զավակները: Որդին՝ Իվան Աղաջանյանը, բժշկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Նա ծնվել է 1939թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1978-ից ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնի, 1990-ից, միաժամանակ՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքի վարիչն է:
«Ես ցանկանում էի բուսաբան դառնալ, սակայն ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Իմ ցանկությունն էր նաև ընտրել զինվորական ուղին, բայց հանագամանքների բերումով ես շարունակեցի կոչումով բժիշկների տոհմիկ ավանդույթը»,-ասում է Իվան Աղաջանյանը:
Երդմանը հավատարիմ բժիշկ-գիտնականին առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր շփվում ու ճանաչում են Իվան Աղաջանյանին, նրան կոչում են «ուրոլոգայի մաեստրոն»: Եվ դա պատահական չէ, քանի որ նա բժշկական գործունեության առաջին իսկ օրվանից զբաղվում է բժշկական այդ ճյուղի զարգացմամբ՝ գրանցելով փայլուն արդյունքներ:
Երևանի պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Իվան Աղաջանյանը աշխատանքի է անցնում Վանաձորում/Կիրովական/՝ որպես շտապօգնության բժիշկ: Երկու տարի անց Ի. Աղաջանյանը Լեինինգրադի բժշկական ինստիտուտի ուռոլոգիական կլինիկայում, որը ղեկավարում էր պրոֆեսոր Աշոտ Գասպարյանը, ընդունվում է ասպիրանտուրա: 1967-ին Իվան Աղաջանյանը պաշտպանում է թեկնածուական ատաենախոսությունը և վերադառնում Հայաստան՝ աշխատանքի անցնելով Բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի կլինկայում: 1978 թ. այստեղ հիմնվում է ուրոլոգիայի ամբիոնը, որը ճանաչում ուներ ամբողջ Խորհրդային միությունում: Հետագայում ևս շարունակվում են Ի. Աղաջանյանի գիտական նվաճումները: 1983-ին նա պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ նվիրված Ջերմուկի բուժական ազդեցությանը, ինչից հետո Խորհրդային միության բարձրագույն որակավորման խորհուրդը բժշկական գիտությունների դոկտորին շնորհում է պրոֆեսորի գիտական աստիճան: Իվան Աղաջանյանը 1992-ին Երևանում առաջինն է ստեղծել ուրոլոգիայի համալսարանային կլինիկան և ներդրել ուրոլոգիայի գծով եռամյա ռեզիդենտուրան:
Իվան Աղաջանյանը Հայաստանում առաջինն է ուրոլոգներից (1987) կատարել երիկամի փոխպատվաստում, ներդրել միգուկաերիկամադիտումը, հեռակառավարվող քարջարդումը, միզուկափոխակրիչ մասնահատումը, մաշկային ուղիով երիկամի վիրահատման և այլ եղանակներ: 1981-99 թվականներին Առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգն էր, 1988-ից 2013թ. Իվան Աղաջանյանը Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահն էր:Նա վիրաբուժական ակադեմիաների միջագգային ֆեդերացիայի, եվրոպական, ամերիկյան, վրացական ուրոլոգիական ընկերակցությունների անդամ է: 2014-ի սեպտեմբերի 26-ից 27-ը «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում հանդիսավորությամբ նշվեց պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75-րդ հոբելյանը: Նրան շնորհվեց «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը` Հայաստանում ուրոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդի համար:
«Ամենամեծ նվաճումներից մեկը համալսարանական կլինիկայի ստեղծումն էր: Այդ բժշկական կառույցում աշխատում են ուսուցիչներն ու նրանց աշակերտները՝ տեսական գիտելիքները համադրելով գործնական հմտությունների զարգացման հետ: Այդտեղ չեն կարող լինել մարդիկ, որոնք անտարբեր են գիտական հետազոտությունների և դասավանդման հանդեպ: Իմ ղեկավարած կլինիկան ստացել է ակադեմիական կոչում: Բժշկական բուհերը, կարծում եմ, պետք է առաջնորդվեն ուսումնամեթոդական այդ սկզբունքով, ինչը կնպաստի բժշկական հաստատությունների առաջընթացին»,-նշում է անվանի բժիշկը:
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իվան Աղաջանյանին խնդրեց ստանձնել նաև ՀՀ առողջապահության գլխավոր ուրոլոգի՝ իր պարտավորությունները: Իվան Աղաջանյանը վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Վրաստանում: Նա 250 գիտական հոդվածի, 2 մենագրության հեղինակ է, 3 հայտնագործության՝ համահեղինակ: Նշանավոր գիտնականը Եվրոպական ասոցիացիայի, Պրոֆեսիոնալների միության, 8 տարբեր ակադեմիաների անդամ է, Հայաստանի բժշկական և վիրաբուժական ակադեմիայի իսկական անդամ: Անվանի բժիշկը պարգևատրվել է «Արցախի երախտագիտության, ՀՀ ԱԺ պատվո մեդալներով, նրան շնորհվել է «Վաստակավոր բժշկի» կոչում:
Բժշկական տոհմի երրորդ ճյուղը ներկայացնում է նաև Գերասիմ Աղաջանյանի դուստրը՝ Մարինա Աղաջանյանը: Նա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Մարինա Աղաջանյանը սրտաբան է, զբաղվում է մարզական բժշկությամբ:
«Դպրոցական տարիքում դեռևս չէի որոշել, որ բժիշկ եմ դառնալու, թեև շատ էի սիրում կենսաբանություն առարկան: Բայց քանի որ մեծացել եմ բժիշկների ընտանքիում և բժշկական միջավայրում, ես որոշեցի բժիշկ դառնալ: Աշխատել եմ սրտաբանության ինստիտուտում՝ միաժամանակ զբաղվելով գիտությամբ: Հայրս արդեն հիվանդ էր, երբ գրում էի թեկնածուական ատենախոսություն, տանում էի հիվանդանոց, գլուխ առ գլուխ նա կարդում էր և հավանություն տալիս: 1981-ին պաշտպանեցի թեկնածուական թեզը, որը նվիրված էր միտրալ փականի արատների ֆունկցիոնալ ախտորոշմանը: Այնուհետև որոշեցի զբաղվել մարզական բժշկությամբ»,-նշում է Մարինա Աղաջանյանը: Նա 2002-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ մարզիկների սրտի կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունների մասին թեմայով` դառնալով առաջին բժշկագիտության դոկտորը սպորտային բժշկության և սպորտային սրտաբանության ոլորտում:
Անվանի գիտնականը Ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի պրոֆեսոր է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող: Նա դասավանդում է սպորտային բժշկություն առարկան ՖԿՀՊԻ-ում և Հայկական Բժշկական ինստիտուտում:
Մ.Աղաջանյանը ընդգծում է հատկապես հայրիկի՝ Գերասիմ Աղաջանյանի և եղբոր՝ Իվան Աղաջանյանի վաստակն ու ներդրումը Հայաստանի առողջապահության տարբեր ճյուղերի զարգացման գործում:
«Դեռևս փոքր տարիքում եղբայրս՝ Իվանը, խնդրել էր մայրիկիս, որ իր համար բժշկական խալաթ կարի: Նա շատ շնորհալի էր, ձեռքի շնորհք ուներ, ինչը շատ կարևոր է վիրաբույժի համար: Ցանկանում եմ նշել, որ նա մշտապես սիրել է իր մասնագիությունը, ինչը ցանկացած մարդու համար կարևոր հանգամանք է: Ինչպես ասում են՝ եղբայրս Աստծո կողմից տրված վիրաբույժ է: Վիրահատությունների ժամանակ Իվան Աղաջանյանը ավանդական վիրաբուժական մեթոդները համադրել է նորարական բժշկական տեխնոլոգիաների հետ»,-հիշում է Մարինա Աղաջանյանը:
Իվան Աղաջանյանն ունի երկու որդի՝ Գերասիմը և Մանվելը, որոնցից միայն Մանվելը որոշեց շարունակել ընտանիքի բժշկական գիծը՝ ներկայացնելով Աղաջանյանների չորրորդ սերունդը: «Տղաս շատ սրտացավ բժիշկ է, կարող եմ ասել, որ նա հոգեբան է, քանի որ հիվանդների հետ հոգեբանական մեծ աշխատանք է տանում, ինչը շատ կարևոր է»,-նշում է հայրը՝ Իվան Աղաջանյանը:
Բժշկի մասնագիտությունն են ընտրել նաև Գերասիմ Աղաջանյանի քրոջ և եղբոր դստրերը և թոռները: Մեծ քրոջ դուստրը՝ Կարինե Սարգսյանը, ճանաչված գաստրոէնտերոլոգ էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Գ. Աղաջանյանի եղբոր դուստրը՝ Սիրանուշ Աղաջանյանը, նույնպես բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր համաճարակաբանության ասպարեզում:
Առողջապահության ոլորտի անունների շարքը շարունակում են նաև Գերասիմ Աղաջանյանի մայրական կողմի բարեկամները: Նրա մորեղբայրը՝ Ռաֆայել Լևոնի Մանվելյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, որի զավակները և թոռները ևս շարունակում են ծնողների բժշկական մասնագիտական ճյուղը:

11.04.2015 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ